Рубрика: Ղ․ Աղայան, Բանաստեղծություններ

Ղ․ Աղայան- Ատամը փոխած

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ:

Рубрика: Հ․ Թումանյան, Բանաստեղծություններ

Հ. Թումանյան

ՇՈՒՆԸ Հ. Թումանյան

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

Рубрика: Բանաստեղծություններ

Ղազարոս Աղայան

Ծիտն ու բազեն

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛յ – հեյ՛ – հե՛յ…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…